Առողջապահական խնամք ապաստան փնտրողների համար

Hälso- och sjukvård för asylsökande – armeniska

Դուք, որպես Շվեդիայում ապաստան փնտրող, իրավունք ունեք ստանալու անհետաձգելի առողջապահական և ատամնաբուժական խնամք և շտապ բուժօգնություն, որը չի կարող սպասել:

Շվեդիայում առողջապահության համար պատասխանատու են մարզային խորհուրդներն ու շրջանները: Սա գործում է ողջ երկրի համար: Յուրաքանչյուր մարզային խորհուրդ կամ շրջան ունի իր սեփական կայքէջը, որում զետեղված է տեղեկատվություն հիվանդանոցների և առողջապահական կենտրոնների կողմից առաջարկվող բուժծառայությունների վերաբերյալ: Գործում է նաև ընդհանուր կայքէջ բոլոր մարզային խորհուրդների և շրջանների համար՝ 1177 Vårdguiden (առողջապահական ուղեցույց):

1177 առողջապահական ուղեցույցում այլ տեղեկություններին զուգահեռ կարող եք գտնել տարբեր առողջապահական և ատամնաբուժական կլինիկաների կոնտակտային տվյալները և աշխատանքային ժամերը: Կարող եք զանգահարել 1177 առողջապահական ուղեցույցի հեռախեսահամարով 24 ժամ: Հեռախոսահամարն է՝ 1177: Զանգահարելիս Դուք կխոսեք բուժքրոջ հետ, ով կգնահատի Ձեր առողջապահական կարիքը, կտա Ձեզ խորհրդատվություն և անհրաժեշտության դեպքում՝ կուղղորդի Ձեզ ճիշտ առողջապահական կլինիկա:

Կարդացե՛ք ավելին www.1177.se կայքէջումexternal link, opens in new window

Բուժօգնություն ստանալու իրավունք

Եթե Դուք փնտրում եք ապաստան Շվեդիայում, Դուք իրավունք ունեք ստանալու անհետաձգելի բժշկական և ատամնաբուժական օգնություն և բուժօգնություն, որը չի կարող սպասել: Մարզային խորհուրդը/շրջանը որոշում է, թե ինչ տիպի բուժօգնություն Դուք կարող եք ստանալ: Դուք ունեք նաև ծննդօգնության, հղիության արհեստական ընդհատման դեպքում ցուցաբերվող բուժօգնության, բեղմնավորման կանխարգելման խորհրդատվության, հղիության ընթացիկ բուժօգնության և վարակիչ հիվանդությունների կանխարգելման օրենքով սահմանված բուժօգնության իրավունք:

Ապաստան փնտրող երեխաները և 18 տարեկանից ցածր պատանիներն ունեն բժշկական և ատամնաբուժական անվճար բուժօգնությունից օգտվելու նույն իրավունքը, ինչպես Շվեդիայում ապրող մյուս երեխաները:

Առողջության գնահատում

Բոլոր ապաստան փնտրողների համար կատարվում է առողջության գնահատում: Ապաստանի դիմում ներկայացնելուց հետո Ձեզնից կպահանջվի հնարավորինս արագ անցնել առողջության անվճար հետազոտություն:  

Առողջության հետազոտության արդյունքները չեն ազդում ապաստանի Ձեր դիմումի վրա: Դա կատարվում է Ձեզ համար և որպեսզի Դուք կարողանաք անհրաժեշտության դեպքում ստանալ շտապ բուժօգնություն: Առողջության հետազոտման ընթացքում Դուք կստանաք խորհրդատվություն առողջության վերաբերյալ, առաջարկ սկանավորում անցնելու համար և տեղեկատվություն Շվեդիայում առողջապահության կազմակերպման վերաբերյալ: Բուժաշխատողները չեն աշխատում Շվեդիայի Միգրացիոն Խորհրդի համար և տվել են գաղտնիության պահպանման երդում:

Հաշմանդամություն

Առողջապահական քննության ընթացքում նաև հնարավորություն ունեք պատմել եթե ունեք, կամ կարծում եք որ ունեք որևէ հաշմանդամություն, կամ արատ: Այսինքն ունեք մարմնական, հոգեկան, կամ մտավոր գործունեության ունակության պակսեցում:

Եթե ունեք այնպիսի հաշմանդամություն, որը դժվարացնում է Ձեր հաղորդակցվելը, երբ դիմում եք ապաստանի համար, ապա կարող եք դրա համար ստանալ օգնություն և աջակցություն: Հաշմանդամությունը արգեկլք չէ բնակության իրավունք ստանալու համար:

Եթե հաշմանդամ եք և բնակության իրավունք եք ստանում Շվեդիայում, ապա իրավունք ունեք ստանալ օգնություն, որը կհեշտացնի շվեդական հասարակության մեջ Ձեր մուտք գործելը:

Երբ Ձեզ անհրաժեշտ է բուժօգնություն

Եթե Դուք հիվանդանաք կամ վնասեք Ձեզ, առաջին բանը, որ պետք է անել, բժշկական կենտրոն դիմելն է: Շատ դեպքերում Դուք պետք է զանգահարեք և գրանցվեք նախքան կլինիկա գնալը: 1177 առողջապահական ուղեցույցի միջոցով կարող եք գտնել Ձեր բնակության վայրի առողջապահական կենտրոնների հեռախոսահամարները: Եթե Ձեր հիվանդությունը սրվի և ունենաք շտապ օգնության կարիք, կարող եք զանգահարել շտապ օգնության ծառայությանը 112 հեռախոսահամարով:

Անհետաձգելի ատամնաբուժական օգնության համար կարող եք այցելել ազգային ատամնաբուժական ծառայություն (Folktandvården) կամ մարզային խորհրդի/շրջանի կողմից ներկայացված այլ ատամնաբույժի:

Մանրամասն տեղեկությունները տե՛ս ”Hitta vård” 1177.se կայքէջում: Այնտեղ տեղեկատվությունը ներկայացված է տարբեր լեզուներով:

Եթե Դուք չեք խոսում շվեդերեն, ապա բժշկին այցելելու կամ բուժհիմնարկում կամ ատամնաբուժական կենտրոնում որևէ մեկի հետ հանդիպելու համար Դուք ունեք թարգմանչի իրավունք: Շատ դեպքերում բուժհիմնարկի անձնակազմը կարող է թարգմանիչ պատվիրել: Գրանցվելու ժամանակ ասացե՛ք, որ Դուք ունեք թարգմանչի կարիք:

Դեղամիջոցներ

Դեղատանը կարող եք գնել տարբեր դեղամիջոցներ և այլ բժշկական ապրանքներ: Այնտեղ կարող եք ձեռք բերել նաև բժշկի նշանակած  դեղամիջոցը:

Հիվանդի տեղափոխում

Եթե Ձեր հիվանդության պատճառով ինքնուրույն չեք կարող հասնել բժշկական կենտրոն, կարող եք օգտվել հիվանդի տեղափոխման ծառայությունից: Դեպի բժշկական կենտրոն կամ հիվանդանոց և այնտեղից տեղափոխման ծախսերի համար կարող եք նաև փոխհատուցում ստանալ, եթե առկա է բժշկական հիմնավորում: Ձեզ բժշկական խնամք ցուցաբերող անձը նա է, ով որոշում է, արդյո՞ք Դուք ունեք տեղափոխման ծառայության իրավունք, թե ոչ: Զանգահարե՛ք 1177 Vårdguiden՝ Ձեր բնակավայրի մարզային խորհրդի/շրջանի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալու համար:

Կարդացե՛ք ավելին www.1177.se/Regler-och-rattigheter/Sjukresor/ կայքէջում (շվեդերեն)external link, opens in new window

Ձեզ հետ վերցրեք Ձեր LMA քարտը

Երբ այցելում եք որևէ բժշկական կենտրոն կամ գնում եք դեղատուն դեղեր գնելու, պետք է ցույց տաք Ձեր LMA քարտը: Եթե դեռ չեք ստացել Ձեր LMA քարտը, պետք է ցույց տաք այն ստացականը, որը հաստատում է, որ Դուք դիմել եք ապաստան ստանալու համար: Որոշ դեպքերում, բժշկական կենտրոն այցելելիս, բուժօգնության համար Դուք կվճարեք ավելի ցածր վճար, եթե ցույց տաք Ձեր LMA քարտը: Դուք քիչ կվճարեք նաև բժշկի կողմից նշանակված մի շարք դեղամիջոցների համար, եթե դեղատանը ցույց տաք Ձեր քարտը:

Բուժօգնության վճարներ

Այս վճարները գործում են ապաստան փնտրողների համար, ովքեր ցույց են տալիս իրենց LMA քարտը:

Այց առողջապահական կենտրոն կամ հիվանդանոց

Բժշկի ընդունելություն առողջապահական կենտրոնում

50 կրոնա

Բժշկի ընդունելություն ուղեգրով*

50 կրոնա

Այց այլ բուժծառայողի ուղեգրով* (օրինակ բուժքույր, ֆիզիոթերապևտ, խորհրդատու)

25 կրոնա

Բեղմնավորման կանխարգելման խորհրդատվություն և հղիության խորհրդատվություն, հղիության ընթացիկ բուժհսկողություն և ծննդօգնություն

անվճար

Կանխարգելիչ բուժօգնություն, եթե ունեք վարակիչ հիվանդություն

անվճար

*Ուղեգիրը հանդիսանում է հաղորդակցման միջոց, որը բժիշկն ուղարկում է մեկ այլ առողջապահական կլինիկա, երբ անհրաժեշտ է հատուկ զննում, հետազոտություն կամ բուժում: Ուղեգիրը պարունակում է բժշկական տեղեկատվություն Ձեր ախտանիշերի, ինքնազգացողության և Ձեր նախկին հիվանդությունների ու վնասվածքների մասին: Ուղեգիրն ստացող առողջապահական կլինիկան այնուհետև զանգահարում է Ձեզ՝ հետազոտություն անցկացնելու համար:

Անհետաձգելի բուժօգնություն

Անհետաձգելի բուժօգնության դեպքում հիվանդանոցի այցի վճարները տարբեր են երկրի տարբեր մարզերում: Ընթացիկ վճարների մասին տեղեկատվություն կարող եք գտնել տվյալ մարզային խորհրդի/շրջանի կայքէջում կամ 1177 Vårdguiden միջոցով:

Անհետաձգելի ատամնաբուժական օգնություն‌

Անհետաձգելի այցեր ազգային ատամնաբուժական ծառայություն կամ ատամնաբուժական ծառայության կողմից նշված այլ ատամնաբույժի

50 կրոնա

Անհետաձգելի այց մասնավոր ատամնաբույժի առանց ազգային ատամնաբուժական ծառայության հաստատման

տվյալ ատամնաբույժի վճարի չափով

Դեղամիջոցներ

Նշանակված մի շարք դեղամիջոցների համար Դուք վճարում եք 50 կրոնա: Որոշ դեպքերում կան նշանակված դեղամիջոցներ, որոնք 50 կրոնայից թանկ են: 18 տարեկանից ցածր երեխաներին նշանակված մի շարք դեղամիջոցներ անվճար են:

Հիվանդի տեղափոխում

Հիվանդի տեղափոխման համար Դուք կվճարեք առավելագույնը 40 կրոնա:

Փոխհատուցում Միգրացիոն Խորհրդից

Դուք կարող եք դիմել Միգրացիոն Խորհրդին՝ առողջապահական բուժօգնություն ստանալու և նշանակված դեղամիջոցների գնման համար Ձեր կատարած ծախսերի փոխհատուցման հատուկ նպաստ ստանալու համար:

Եթե Ձեր ծախսերը գերազանցում են 400 կրոնան

Եթե 6 ամսվա ընթացքում Դուք վճարել եք ավելի քան 400 կրոնա բժիշկների ընդունելությունների, հիվանդի տեղափոխման, նշանակված դեղամիջոցների և այլ առողջապահական ծառայությունների (օրինակ ֆիզիոթերապևտիկ բուժման) համար, կարող եք դիմել հատուկ նպաստ ստանալու համար: Միգրացիոն Խորհուրդը կարող է փոխհատուցել 400 կրոնան գերազանցող Ձեր ծախսերը: Դրամը հետ ստանալու համար Դուք պետք է ցույց տաք անդորրագրերն՝ ապացուցելու, որ Դուք վճարել եք ծառայությունների դիմաց (ոչ վճարները): Դեղամիջոցների անդորրագրերի դեպքում Դուք պետք է ներկայացնեք դեղի նշանակման թերթիկը, անդորրագրի այն հատվածը, որտեղ երևում է Ձեր անունը:

Անհետաձգելի բուժօգնություն և դեղամիջոցներ

Անհետաձգելի բուժօգնության ծախսերը չեն մտնում վերոնշյալ 400 կրոնայի մեջ, սակայն Դուք կարող եք դիմել 50 կրոնան գերազանցող հատվածի համար հատուկ նպաստ ստանալու համար: Նույն կանոնը գործում է այն դեպքում, եթե Ձեզ անհրաժեշտ է եղել անհետաձգելի ատամնաբուժական օգնություն այն ժամանակ, երբ ազգային ատամնաբուժական ծառայությունը փակ է եղել կամ չի ունեցել ազատ ժամանակային միջակայք այն ժամանակահատվածում, երբ Դուք ունեցել եք բուժօգնության կարիք:

Անհետաձգելի բուժօգնության այցից հետո հնարավորինս կարճ ժամկետում անդորրագիրը ներկայացրեք Միգրացիոն Խորհրդին և թողեք հատուկ նպաստ ստանալու դիմում:

Դուք կարող եք դիմել նաև 50 կրոնայից ավելի արժեցող նշանակված դեղմիաջոցների փոխհատուցում ստանալու համար:

Last updated: 14 December 2017

Was the information on this page helpful to you?

Thank you for helping us improve our website!

Thank you for helping us improve our website!

Tell us how we can make this page better*






If you wish to ask the Migration Agency a question you can find our contact details under the heading Contact us.